շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Օզելը հունիսի 4-ին  Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում անցկացված հանրահավաքի ժամանակ արձագանքել էր իրավապահ մարմինների կողմից հունիսի 3-ի առավոտյան CHP-ի անդամ հինգ քաղաքապետերի և ընդհանուր 38 անձի բերման ենթարկվելու ժամանակ հրապարակված տեսանյութին: 

«Դու կոշտ ժայռի ես բախվել, Աքը՛ն, կոշտ ժայռի։ Ականջներիդ օղ արեք, Աքըն, կոշտ ժայռի եք բախվել։  Այդ անպատվությունդ էլ չտեսնեմ։ Եթե երբևէ մեր որևէ մեկի ընտանիքի, զավակի, մեծի նկատմամբ վիրավորական որևէ տեսարան նկարահանվի, նկարողին էլ, նրան էլ, որ կստիպի նկարեն, հազար անգամ կստիպեմ, որ զղջա: 

Մեր համբերությունը սպառվել է։ Սարաչհանեում ունեցած վճռականությամբ եմ ասում՝ կգամ ու ամեն ինչ տակնուվրա կանեմ։ Խելքդ գլուխդ հավաքի։ Մարդավարի գալիս ենք, ակցիա ենք անում, ցրվում, բայց մի հատ էլ մեր համբերությունը մի փորձիր՝ կարող է այլևս չցրվենք»։

Դատախազությունը Օզգյուր Օզելի դեմ հետաքննություն  է սկսել՝ նրան մեղադրելով «արդարադատություն իրականացնողին սպառնալու» և «պետական պաշտոնյային հրապարակավ վիրավորելու» մեջ։

  • Կիսվել: