Ծոծրակներդ կտեսնեք, Հայաստանում քաղաքացիական պատերազմ չեք տեսնի. ՔՊ–ական պատգամավորը՝ ընդդիմությանը
Ծոծրակներդ կտեսնեք, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չեք տեսնի։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգություններին, որ Գարեգին Բ–ի եւ որոշ եկեղեցականների դեմ իշխանությունների արշավը կարող է հանգեցնել բախումների։
«Մեր ժողովուրդը շատ խոհեմ է, ողջամիտ է, մենք երբևիցե նման կոչ չենք կարող իրականացնել, և այն քաղաքական ուժերը, որոնք նման թեզեր են կիրառում, երևի թե նրանց երազանքն է եղել այս տարիների ընթացքում վերջապես հասնել նրան, որ քաղաքացիական բախումներ լինեն։ Մենք բոլոր շարժումները կարող ենք քննարկել, 2020 թվականից հետո Ազգային ժողովի և կառավարության դեմ ուղղված ոհմակները, 2021 թվականին դիմադրության շարժումը, դրանից հետո «Հայրենիքի փրկության շարժումը», դրանից հետո սահմանազատման գործընթացի հետ կապված Բագրատ Գալստյանյանի շարժումը։ Այդ բոլոր շարժումները ինչ-որ կետի կիզակետում եղել են նաև քաղաքացիական բախումների նպատակակետ, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը իր խոհեմությամբ ցույց է տվել, որ այդպիսի բան անհնար է Հայաստանի Հանրապետությունում, և մենք երբևիցե նման կոչ չենք կարող անել»,–ասաց նա։