Տիկի՛ն Գալստյան, Ձեր բոլոր ելույթներն անտակտություն էին. Ալեն Սիմոնյանը՝ Լիլիթ Գալստյանին
Ինձ մի պահ թվաց, որ ընդդիմությունը կմնա եւ կսլի մեր ելույթները, բայց այսօր էլ մեզ որեւէ ձեւով չզարմացրեցիք, չնայած մի քանի հոգի մնացել է, վերջին բեկորները, կարելի է ասել: Այս մասինայսօր ԱԺ հայտարարութունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ելույթներն ավարտելուց հետո դահլիճից հեռանալուն:
Այդ պահին դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանը՝ նշելով, որ «բեկոր» ասելն անտակտություն է:
Դրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Տիկին Գալստյան, Ձեզ թվում է, որ եթե Դուք այդպես ելույթ եք ունենում... Ձեր սաղ ելույթներն անտակտություն էին»:
Արփի Դավոյանն էլ աասաց. «Եթե ես ձեր ելույթի ժամանակ ինձ կոռեկտ եմ պահում, բարի եղեք դուք ձեզ նույնպես կոռեկտ պահեք: Այնպես չէ, որ հիացած եմ ձեր ելույթներով: Դուռն էլ չշխկացնեք: Շխկացրեց, ոչինչ»:
Այնուհետեւ ՔՊ-ական պատգամավորն անցավ իր ելույթին. «Ափսոս Մամիջանյան Հայկը դահլիճում չէ, ես նրան ուզում եմ ծանոթացնել մեր պատգամավոր Անուշ Քլոյանի հետ, ում եղբայրը սպանվել է 2008-ի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ընտրությունների ամենաթեժ կետն էր: Գոռ Քլոյանն ունի երկու երեխա, որոնցից մեկն այդ ժամանակ 2,5 տարեկան էր, մյուսը 40 օրական: Որեւէ մեկը ընդդիմադիր պատգամավորներից այս մասին չի խոսել:
Հայկ Մամիջնյանին կուզենամ խորհուրդ տալ ծանոթանալ Անդրանիկ Թեւանյանի նախընտրական ցուցակի 2-րդ եւ 3-րդ համարների հետ, որոնք բառացի ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է:
Կամ Հայկ Մամիջանյանի դեմքի խորհրդավոր արտահայտությամբ այստեղից հնչող թաքնված սպառնալիքները: Պարոն Մամիջանյան, սխալ տեղում, սխալ մարդկանց եք ուղղում Ձեր թաքնված սպառնալիքներն ինչ-որ միստիկական կանչի, զանգի, կոչնակի վերաբերյալ: Ավելի հետաքրքիր է, թե որտեղից պետք է Ձեզ գա այդ կանչը, որտեղից պետք է մեզ գա»,-ասաց Դավոյանը:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»: Սա լուրջ հակազդեցություն էր առաջ բերել ՔՊ-ական պատգամավորների շրջանում:
Իսկ արդեն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ Մամիջանյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի: Չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորն են պատրաստ դառնալ անկախ Հայաստանի Հանրապետության վերջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»:


