Ութ միաբան հայրեր Մայրավանքում ստացան ծայրագույն վարդապետության աստիճան
Նոյեմբերի 22-ին Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել ծայրագույն վարդապետության աստիճանների շնորհման արարողություն։
Արարողությունը կատարվել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Շրջակայքի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ՝ Կաթողիկոսարանի Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի տեսուչ Ստեփանոս ծայրագույն վարդապետ Փաշայանի խարտավիլակությամբ։
Ծայրագույն վարդապետության աստիճան է շնորհվել ութ միաբան հայրերի՝ Վահրիճ վարդապետ Ղարախանյանին, Վաչե վարդապետ Պալըքճյանին, Վիգեն վարդապետ Տալգըլըճյանին, Պսակ վարդապետ Թեփիրճյանին, Հովակիմ վարդապետ Բանճարճյանին, Զավեն վարդապետ Նաճարյանին, Արտավազդ վարդապետ Շարոյանին և Օշին վարդապետ Չուալերթանյանին։



