Տեսնում եմ իրավիճակն այնպես, ինչպես կտեսներ մարդը, որը կույր չէ. քաղաքացին ՌԴ դեսպանատան մոտ հացադուլ է հայտարարել
Քաղաքացի Հրաչյա Զարդարյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հացադուլ է հայտարարել. պահանջը, նրա խոսքով, այն է, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և բացի Բերձորի միջանցքը:
Պարզաբանելով հենց այստեղ հացադուլ հայտարարելու իր որոշումը՝ Զարդարյանն ասաց, որ այն, ինչ մնացել է Արցախից, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո է:
Նա նշեց, որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում, ուստի ինքը հենց նման ծայրահեղ քայլն է ընտրել որպես բողոքի ձև:
՛՛Դա կյանքի ճանապարհն է, եթե կտրվեց, մնացած ամեն ինչ վերջանում է, հումանիտար աղետը սկսվել է՛՛,-ասաց Զարդարյանը:
Դիտարկմանը, թե մեր պաշտոնյաները ևս ասում են, որ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորություները, բայց ՌԴ-ն հակառակն է պնդում՝ ասելով, որ փայլուն կատարում են իրենց պարտավարություները՝ նա նշեց. ՛՛Ես տեսնում եմ իրավիճակն այնպես, ինչպես կտեսներ մարդը, որը կույր չէ, սևը սպիտաից տարբերում է, իսկ թե ՌԴ-ն ինչ կասի, դա իրենց քաղաքականությունն է: Իմ հորդորը և պահանջը մեկն է, որպեսզի բացեն կյանքի ճանապարհը՛՛:
Զարդարյանն ընդգծեց, որ ինքը քաղաքական հարցերով չի զբաղվում, պարզապես սովորական մտահոգ քաղաքացի է:
Նրա խոսքով՝ դեսպանատան մոտ կանգնած մնալու ընթացքում իրեն ոստիկաններ են մոտեցել, ինքը տեղեկացրել է, որ այստեղ է լինելու, նրանք էլ պատրաստակամություն են հայտնել պետք եղած դեպքում օգնել: ՛՛Ոչ մի խնդիր չի եղել՛՛,-ասաց Զարդարյանը:
Խոսելով այն մասին, թե առողջական խնդիրներ առաջանալու դեպքում ինչ կանի՝ քաղաքացին նշեց, որ ամեն դեպքում՝ նպատակը մահանալը չէ, այլ պահանջը տեղ հասցնելը, ուստի կփորձի հնարավորինս պինդ մնալ:


