Թերացումների հետևանքով հակառակորդն առաջխաղացում է ունեցել. Քոչարյան
Ստեղծված իրավիճակը թերությունների հետևանք է։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով՝ ինչո՞ւ ամիսներ շարունակ Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ չեն արվել, չենք պատրաստվել հարցին․
«Թերացումներն առաջացել են, քանի որ գուցե չի գիտակցվել, թե հակառակորդը իրեն ինչպես կպահի կոնկրետ ճանապարհի հարցում։ Թերացումների հետևանքով նրանք առաջխաղացում են ունեցել։ Թերացումներից օրեր անց պաշտոնից հեռացվեց սահմանապահ զորքերի հրամանատարը, նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե թերությունները չլինեին կարող էինք այսօր ու երեկ բոլորովին այլ նկարագրի առաջ կանգնած լինեինք»,-նշել է Քոչարյանը։
Հարցին՝ ինչպիսին է հիմա օպերատիվ իրավիճակը Տեղում։ Քոչարյանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանի հետ հիմա կա կոնտակտ, այն կար նաև երեկ, համոզված է՝ այսօր էլ կա։
Այդ կոնտակը, ըստ Քոչարյանի, շատ մոտ է սահմանային խնդիրների լուծմանը․ «Ադրբեջանը պետք է իմանա որն ա մերը, ու էդ սահմանը չանցնի։ Չանցնելու համար Հայաստանում պետք է տեսնի կայուն ժողովուրդ՝ իր զինված ուժերով»։


