չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։

Ինչպես տեղեկացրին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից, որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

«Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը։ Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն։

Շուտով առիթ կունենանք միասին նշելու այս կարևոր իրադարձությունը։ Պաշտոնական բացման մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են դեսպանությունից։

 

 

  • Կիսվել: