շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սնհամբերությամբ սպասում ենք Հայաստան այցին. Իրանի նախագահ

Սնհամբերությամբ սպասում ենք Հայաստան այցին. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է իրանական Mehr-ը։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Թեհրանի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը:

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նախագահ Մասուդ Փեզեշքիանին շնորհավորել է Իդ-է-Ղորբան տոնի կապակցությամբ, որը հայտնի է նաև որպես զոհաբերության տոն կամ Իդ ալ-Ադհա։ Երկու քաղաքական գործիչները քննարկել են հայ-իրանական երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը նշել է իր երկրի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների շատ լավ մակարդակը՝ ընդգծելով, որ Երևանի պաշտոնյաները անհամբերությամբ սպասում են Փեզեշքիանի այցին Երևան՝ ընդհանուր նպատակների իրականացման և երկու ժողովուրդների շահերի ապահովման շուրջ սերտ հանդիպման, քննարկումների և խորհրդակցությունների համար:

Հաղորդվում է նաև, որ Իրանի նախագահն էլ իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի անկեղծ շնորհավորանքները և, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային և բարեկամական կապերին, ընդգծել է խորը արմատներ ունեցող և կայուն երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության հատուկ դիրքի մասին՝ Փեզեշքիանը հայտարարել է. «Կասկած չկա, որ երկու երկրների հարաբերությունները կմնան ամուր և ժամանակի ընթացքում կամրապնդվեն փոխադարձ կամքի պայմաններում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստան այցին, և այդ այցի անհրաժեշտ պլանավորումը կներառվի օրակարգում»։

  • Կիսվել: