Սխալներ բոլորն էլ արել են, մենք էլ ենք սխալվում՝ այսքան փորձառությունից հետո․ Հովիկ Աղազարյան
«Մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ և ահագին կյանք եմ ապրել, իսկ 1990 թվից՝ ակտիվ քաղաքական կյանք։ Այդ բաժանումները՝ Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար անընդունելի են։ Նրանք, որոնք եղել են 100 տարի առաջ, 60 տարի առաջ, նրանք մեր բոլորինն են՝ իրենց լավ ու վատ գծերով, լավ ու վատ արարքներով»,- այսօր խորհրդարանում, արձագանքելով ընդդիմադիր գործիչներ Արթուր Խաչատրյանին և Գեղամ Մանուկյանին, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Սիրուն չէ․ բոլորն էլ մերն են եղել, բոլորն էլ պայքարել են պետականություն ստեղծելու համար, մեր հայրենիքի համար։ Սխալներ բոլորն էլ արել են։ Մենք էլ ենք սխալվում՝ այսքան փորձառությունից հետո»,- ասաց նա։
Աղազարյանն ասաց, որ երիտասարդները ցավ են ապրում, երբ պատմությանը նայում են 30 տարվա կտրվածքով․ ինքը պատմությանը նայում է 130 տարվա կտրվածքով։