չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Սիրիան երկիր է, որին պետք է օգնել. Փաշինյան

Սիրիան երկիր է, որին պետք է օգնել. Փաշինյան

«Սիրիան երկիր է, որին պետք է օգնել»,-այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեզ համար սա նախ և առաջ հումանիտար օգնության հարց է: Տարվա սկզբին մեր երկիրը հատուկ առաքելություն ուղարկեց այնտեղ՝ բուժանձնակազմ, քաղաքացիական ականազերծողներ»:

Խոսելով Հայաստանում ապաստան գտած սիրիացի փախստականների մասին՝ Փաշինյանն ասել է, որ նրանց թիվը քսան հազար է.«Բնակչության թվաքանակի հետ հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ընդունած փախստականների թվով մենք 3-րդ տեղում ենք: Մենք երեք միլիոն բնակիչ ունենք: Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնելը մեզ համար բարոյական առաքելության նման բան է»:

Փաշինյանը պատմել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սիրիացի ժողովուրդը բազմաթիվ հայերի է փրկել կայսրության ռազմական ուժերից: Այդ պատճառով այժմ, երբ սիրիացիները տառապում են, «մենք չենք կարող մի կողմ քաշվել: Ուրախ եմ, որ կարող ենք մեր բարոյական պարտքը հատուցել: Մեր բժշկական անձնակազմը բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ է իրականացրել: Սիրիացի շատ կանայք և երեխաներ են բուժվել հայ բժիշկների կողմից: Ականազերծողների կողմից սիրիացի երեխաների համար տարածքներ են ազատվել, որտեղ նրանք կարող են ապահով խաղալ»:

Վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայի շուրջ իր անհանգստություններին և նշել, որ մտահոգիչ է Թուրքիայի ներխուժումը: «Մենք այն դատապարտել ենք: Գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այսօր Սիրիայում գտնվող թուրքական ուժերը հետ տարվեն թուրքական տարածք»,-նշել է նա:

  • Կիսվել: