Սամվել Կարապետյանի հետ կատարվողն ապօրինություն է. Քոչարյան
Սկզբում սկսվեց եկեղեցու դեմ արշավը, դրանից հետո այցը Թուրքիա, որի հետ կապված կան տարբեր կարծիքներ, վերլուծություններ, ենթադրություններ, թե ինչ են այնտեղ պայմանավորվել։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Դրանից հետո հիմա արդեն միջանցքի հետ կապված խոսակցությունները, ամերիկյան պլանը, խոսվում է, որ պետք է Միացյալ Էմիրություններում հանդիպում լինի։ Այս ամեն ինչը հնարավոր է շղթայի մի մաս է, ցույց տալու, վարկաբեկելու ընդդիմությանը և հնարավոր այն բոլոր օջախները, որոնք կարող են դիմադրել այս իշխանությունների հակահայկական և պրոթուրք-ադրբեջանական շահերը սպասարկելուն»,–ասաց նա։
Հարցին՝ մասնակցելո՞ւ է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի այսօր նախատեսված երթին, և ինչո՞վ էր պայմանավորված, որ շատ քիչ ընդդիմադիրներ կային Մայր Աթոռի մոտ, երբ ուզում էին բերման ենթարկել Միքայել Սրբազանին, նա պատասխանեց. «Նախ ձեր տեղեկությունը ճիշտ չէ, ես այնտեղ եղել եմ, երբ որ կարողացել եմ։ Տեղի ունեցած հրմշտոցից քիչ հետո է, որ ես հնարավորություն եմ ունեցել հասնել, որովհետև մինչև այդ պատգամավորների փոքր կազմով հավաքվել էինք և որոշում էինք հետագա գործողությունները, մեր անելիքները։ Մեր պատգամավորներից առնվազն չորս-հինգ մարդ կար։ Ես բախումներից երբեք չեմ խուսափել։
Այսօրվա երթի հետ կապված, ընդհանրապես, խոսքը միայն Սամվել Կարապետյանի մասին չէ, ցանկացած ապօրինություն, քաղաքական հետապնդում մեր կողմից արժանանում է հստակ գնահատականի և աջակցության, անկախ նրանից, թե ով է այդ մարդը։
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը այնպիսի ակնհայտ ապօրինություն է, որ նույնիսկ չեն էլ կարողանում կոծկել, ուրիշ ձև ներկայացնել։ Միանշանակ պետք է մասնակցել և ուղղակի ցույց տալ, որ չի կարելի»։