Սա ուղիղ արշավ է եկեղեցու, ոչ թե սրբազանների դեմ, որը չեմ կարծում, որ կհաջողի. Քոչարյան
Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում, այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը հավելեց. «Իսկ եկեղեցին ի՞նչ գործիքակազմ ունի պայքարելու համար, ունի, թե՞ չունի։ Եկեղեցին բանակ չունի, ոստիկանություն չունի, պարզ է, որ պետությունը կարող է ինչ-որ չափով ճնշել։ Ի՞նչ կարող է անել եկեղեցին, առաջին հերթին եկեղեցուց օտարել այն մարդկանց, որոնք այդ արշավը եկեղեցու դեմ սկսել են։
Հայտարարել, որ այդ մարդիկ չեն պատկանում Հայ առաքելական եկեղեցուն...
Վերջերս Ռուսաստանում մի քահանա մի հետաքրքիր բան արեց, մերժեց ՔՊ–ականին կնքահայր կանգնելու դեպքում կնքել։ Եկեղեցու գործիքներից մեկը սա է, պետք է այդ գործիքը կիրառի։
Իրենք պետք է ընկալեն որ հարձակումը եկեղեցու վրա դա ոչ թե զուտ Նիկոլ Փաշինյանի կապրիզներն են։ Ես համոզված եմ, որ և ժողովրդի աջակցությունը կստանա, և քաղաքական ուժերի, բայց եկեղեցին այս կոնֆլիկտից խուսափելու տարբերակ չունի։ Չի նշանակում որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնալու է հարձակվի վեհարանի վրա։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ իրեն պետք է երկարատև եկեղեցուն վարկաբեկելու պրոցես։ Նպատակը սա է։ Շատ հավանական է, որ անոնսված հանրահավաքը տեղի չի ունենալու Էջմիածնի հրապարակում»,–նշեց նա:
Քոչարյանը նշեց, որ չի ընդունում վարկածը, թե Փաշինյանն աղանդավորների է համախմբելու, որ արշավեն վեհարանի վրա. «Աղանդավորներն ընդհանրապես անտարբեր են, թե Վեհափառը կամ սրբազանները ինչ կյանքով են ապրում, Այնպես չէ, որ աղանդավորները ատելությամբ են լցված հայ եկեղեցու նկատմամբ, իրենք ուղղակի անտարբեր են, և եթե մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանը կարող է կոչով հավաքել աղանդավորներին, չի լինելու նման բան։
Այսօր Նիկոլ Փաշինյանը չունի մոբիլիզացիոն ռեսուրս, փողոց մոբիլիզացնելու համար, չի կարող բավարար մարդ հավաքել այդ օպերացիան իրականացնելու համար։
Սա ավելի շատ իմ տպավորությամբ, ավելի շատ երկարատև ժամանակ եկեղեցին վարկաբեկելու գործիքակազմ է կիրառում, և եկեղեցին պետք է պաշտպանվի, դիմի ժողովրդին։ Եկեղեցին երբեք ընդհարումների հրահրողը, հեղինակը չի լինելու։ Ուրեմն պետք է այդ խուժանությունը պետք է կատարի Հայաստանի իշխանությունը։
Հավատը այնքան խորն է նստած մարդկանց մոտ, որ իշխանության համար սա կրակի հետ խաղալ է, և չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է, դրա համար դոզավորված փորձելու է շարունակել եկեղեցին վարկաբեկելու պրոցեսը, բայց չի հատելու այն գիծը, որը իսկապես կարթնացնի եկեղեցու մոբիլիզացիոն ռեսուրսը»։


