երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
ՔՊ–ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնից Գարեգին Երկրորդի եղբորը «գործակալ» անվանեց

ՔՊ–ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնից Գարեգին Երկրորդի եղբորը «գործակալ» անվանեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց, որ պատգամավոր Էդվարդ Լիի ելույթը՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հիմնված է անբավարար տեղեկությունների վրա։

«Մինչ զեկույցի մասին խոսելը և մեր զեկուցողին շնորհակալություն հայտնելը Հայաստանում ընտրությունների դիտարկման վերաբերյալ հրաշալի զեկույցի համար, ես պետք է պատասխանեմ այն ամենին, ինչ իր ելույթում ասաց պարոն Լին։ Ես դա կանվանեի շատ վատ տեղեկացված ելույթ, երբ խոսքը վերաբերում է Հայ Եկեղեցուն և Եկեղեցու դեմ այս հարձակումներին»,- ասաց Գրիգորյանը։

Նրա ասելով՝ հայկական իշխանությունները չեն հարձակվում Եկեղեցու վրա, այլ, ընդհակառակը, պաշտպանում են այն։

«Իրականում այն, ինչ անում են հայկական կառավարությունն ու հայկական պետությունը, Եկեղեցու պաշտպանությունն է»,- հայտարարել է իշխող «ՔՊ» կուսակցությունից պատգամավորը։

Նրա պնդմամբ՝ դրա պատճառը Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունն է։

«Մարդը, որն այժմ զբաղեցնում է կաթողիկոսի գահը, անմիջականորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված անօրինական գործողությունների մեջ»,- ասաց Գրիգորյանը։

Նա հայտարարել է նաև, որ կաթողիկոսի եղբայրը «գործակալ է, միջազգային գործակալ», ինչը, նրա ասելով, հաստատվում է փաստերով և փաստաթղթերով։

Նիստը նախագահողն ընդհատել է Գրիգորյանի ելույթը՝ կոչ անելով նրան հավատարիմ մնալ քննարկման թեմային։

Դրանից հետո պատգամավորը շարունակել է՝ անդրադառնալով հոգևորականների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին։

«Եպիսկոպոսներին չեն ձերբակալում այն պատճառով, որ նրանք եպիսկոպոսներ են։ Նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր։ Վերջնական արդյունքը որոշելը մեր գործը չէ՝ դա կորոշի դատարանը»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է քրեական գործերի, որոնք կապված են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողությունների հետ։

Այնուհետև Գրիգորյանն անցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի քննարկմանը։

Նա ընդգծել է, որ քննարկման ելակետը պետք է լինեն հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։

«Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները մրցակցային ընտրություններում ազատորեն որոշում կայացրին, և նրանց որոշումը հարգվեց»,- ասել է պատգամավորը։

Նրա պնդմամբ՝ զեկույցում ինքնին նշվում է, որ ընտրողներին տրամադրվել է իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակում, քվեարկության օրն անցել է խաղաղ և կազմակերպված, իսկ քվեարկությունը դրական է գնահատվել ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում։

Գրիգորյանն ընդգծել է, որ այս ընտրությունները հատկապես կարևոր էին, քանի որ, ըստ զեկույցի, Հայաստանը բախվել է արտաքին միջամտության և տեղեկատվական գործողությունների, որոնք անվանվել են աննախադեպ Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար։

«Այնուամենայնիվ, մեր ինստիտուտները դիմացան»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ պատգամավորը նշել է, որ ընտրությունների դրական գնահատականը չի նշանակում, թե իշխանությունները պետք է անտեսեն բացահայտված խնդիրները։

«Մենք դրական գնահատականը չենք ընկալում որպես ինքնահանգստացման թույլտվություն։ Զեկույցում կան հարցեր, որոնք պահանջում են մեր ուշադրությունը՝ ընտրարշավների ֆինանսավորում, լրատվամիջոցների անաչառություն, հասանելիություն»,- ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ իշխանությունները մտադիր են աշխատել այդ հարցերի լուծման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Գրիգորյանը կոչ է արել ինքնաբերաբար չընկալել հայտարարություններն ու առկա պատկերացումները որպես հաստատված խախտումներ։

Նրա ասելով՝ եզրակացությունները, որոնք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և խորհրդարանական ներկայացվածությանը, պահանջում են մանրակրկիտ իրավական գնահատական, ոչ թե քաղաքական ենթադրություններ։

«Հայկական ժողովրդավարությունը բազմիցս ենթարկվել է փորձությունների։ Հունիսի 7-ին այն անցավ ևս մեկ լուրջ փորձություն։ Հայաստանի քաղաքացիները հանդես եկան հանուն ժողովրդավարության, իրենց ապագան սեփական ուժերով որոշելու ինքնիշխան իրավունքի և, առաջին հերթին, հանուն խաղաղության»,- հայտարարել է նա։

«Այժմ մեր պատասխանատվությունն է ամրապնդել ամեն ինչ…»,- ասել է Գրիգորյանը՝ ավարտելով ելույթը։

Այսօր ավելի վաղ ԵԽԽՎ պատգամավոր Էդվարդ Լին Հայաստանի իշխանություններին մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու վրա աննախադեպ ճնշում գործադրելու մեջ:

  • Կիսվել: