երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Սա կատարյալ, դասական քոչարյանասերժական իշխանության դեմքն է. Ալեքսանյանը ցուցադրեց Սեյրան Օհանյանի առանձնատան լուսանկարը

Սա կատարյալ, դասական քոչարյանասերժական իշխանության դեմքն է. Ալեքսանյանը ցուցադրեց Սեյրան Օհանյանի առանձնատան լուսանկարը

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ցուցադրեց «Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում այն շքեղ առանձնատան լուսանկարը, որը կառուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ալեքսանյանը ներկայացրեց՝ ինչ է արել Օհանյանը, հակիրճ ասաց՝ Սևանում ապօրինի հող է զավթել: 

«Միայն 65 միլիոն դրամի բաղնիք ու լողավազան են կառուցել էստեղ: Սեյրան Օհանյանը 65 միլիոն դրամի սաունա է կառուցել  իր առանձնատանը, բնականաբար, ՀՀ-ի ու բանակի շահերից ելնելով: Մեր խմբակցության հայտարարագրերն էի նայում օրեր առաջ, զուտ հետաքրքիր էր, մարդիկ 20 տարով հիփոթեքներ են վերցրել, ամեն մեկի տունը 20 միլիոն դրամ է:

Հերոսությունը մի օր խփել է Սեյրան Օհանյանի գլխին, հիշել է՝ ինչ հերոս մարդ է ինքը, որոշել է Սևանա լճի ափին նվաճողական գործողություններ իրականացնել ու իրականացրել է: 

Էս է ձեր պատկերը, ժողովո՛ւրդ ջան: Էդ էլ հերիք չի, մի հատ էլ կառուցելուց հետո Ռազմական ոստիկանությունից, այն մարդկանցից, որ պետք է բանակում հետևեն, որ հանցագործություն չլինի, կանխեն բանակում հանցագործությունները, ծառայողներ է տարել, որ այնտեղ պահակություն անեն:

Այդ ընթացքում Ռազմական ոստիկանության այդ երկու աշխատողները քանի ինքնասպանության, հանցագործության դեպք կարող էին կանխել բանակում, հանցավորության դեմ ինչ պայքար կարող էին տանել նրանք, քննությունը լռում է:

Բայց, այնուամենայնիվ, ինձ համար հստակ է՝ սա կատարյալ, դասական քոչարյանական-սերժական իշխանության դեմքն է: Գնացել են, հողը զավթել են, առանձնատունը գցել են, աշխատողներին էլ տարել են, պետությունից փողը տվել են, ասել են՝ էստեղ պահակություն արեք, արա՛, ենթադրում եմ՝ վերջում ավելացրել են նրանք: Հիմա եկել են՝ թե բա քաղաքական հետապնդում է: Ի՞նչն է քաղաքական հետապնդում: Փաստացի, էս ամեն ինչը եղել է պետական հողի վրա կառուցած շինություն: Սրան պե՞տք էր ինչ-որ մի ձևով երանգ տալ, թուղթ տալ: Պետք էր»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ դրա համար արվել է հետևյալը՝ թղթեր են ներկայացվել, թե իբր դատարկ հող է, այն պետք է վարձով տալ, ու շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ հողի մրցույթը շահում է Սեյրան Օհանյանի «վարորդի սանտեխնիկ եղբայրը»:

Ալեքսանյանը նկատեց՝ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից փորձում է պաշտպանվել:

«Անկեղծորեն ասեմ՝ ես պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց վստահ եմ, որ ձեր գործողությունների արդյունքում ՀՀ-ն վնաս է կրել: Էն, որ այդ հողը՝ դղյակով, վարձով է տրվել ամսական 50 հազար դրամով, դա արդեն իսկ վնաս է: Ոչ մի տրամաբանություն չկա, որ դա կարող է լինել ամսական 50 հազար դրամ: 50 հազար դրամով, ժողովուրդ ջան, Հայաստանում կարող ես հավաբուն վարձակալել: 50 հազար դրամով վարձակալության եք տվել կես միլիոնից մի միլիոն արժեքով առանձնատուն: Դա չի կարող նորմալ լինել»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը՝ հորդորելով քաղաքական ամբիոնը չդարձնել իրավական պաշտպանության մաս:  

Ինչ վերաբերում է ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի մեղադրանքներին, թե ՔՊ պատգամավորները խոսում են բանակի վարտիքներից ու մայկաներից, նկատեց՝ եթե իրենք դրանից են խոսում, ապա ընդդիմադիրների քաղաքական ղեկավարները այդ «մայկաները, գուլպաները ու վարտիքները բառի բուն ու փոխաբերական իմաստով կերել են, որ սենց տներ են գցել»:

  • Կիսվել: