երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ ենք, որ միասին կարողացանք շրջել 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավիավթարի հետ կապված էջը, որը մեզ համար ընդհանուր ողբերգություն դարձավ և խլեց Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիների կյանքը», - ասել է Կալուգինը։

Ըստ նրա՝ դա հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վստահելի երկխոսության:

Պաշտոնյան նաև շեշտել է՝ Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին, սակայն պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել աջակցություն խաղաղության հասնելու համար:

«Միշտ պատրաստ ենք բարեկամաբար արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքին՝ աջակցություն ցուցաբերելու Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության և բարեկեցության հասնելու համար»,-նշել է Կալուգինը։

  • Կիսվել: