ՌԴ-ն ժամանակին ճնշում գործադրեց Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը. Սիմոնյան
Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, բայց չունի նաև ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, սակայն դա չխանգարեց Ռուսաստանին ժամանակին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի Հայաստանն անդամակցի (Մաքսային միությանը- խմբ.): Այս մասին այսօր Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ պարենային անվտանգությունը և տնտեսական փոխկախվածությունը որոշ կարևոր բաղադրիչներից են:
Ապա Սիմոնյանը պարզաբանեց. «Բայց խոսքը դրա մասին չէ, այլ արժեհամակարգի, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել։ Դա մեր ընտրության խնդիրն է։ Մենք կարող ենք ունենալ ավտորիտար երկիր, որտեղ չկան ընտրություններ, իրավունքներ և ազատ լրատվամիջոցներ։ Եվ մենք կարող ենք ունենալ մի երկիր, որն ունի իր մարտահրավերները, բայց ազատ է և ունի ժողովրդավարության բարձր մակարդակ։ Այս ընտրությունը մենք մեր մտքում արդեն արել ենք, և հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, նորից կհաստատենք ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով»: