երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: 

ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին:  

Խմբակցության անունից թեկնածուին ներկայացնելու համար ելույթում ՔՊ անդամ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց՝ թեկնածուն ծնվել է Երևանում, 1994-1999 թվականներին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի վկայական:

2008-2010 թթ. ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետն ավարտելով ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում: 

Հարությունյանի աշխատանքային փորձն սկսվել է 1999-ից:

2003-ից մինչև 2024 թվականը թեկնածուն աշխատել է Արդարադատության նախարարությունում: 

ԲԴԽ անդամի թեկնածու Արմենուհի Հարությունյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց պաշտոնին հավակնելու իր շարժառիթները:

Թեկնածուն նշեց, որ կյանքի 25 տարիները նվիրել է պետական համակարգում աշխատանքին, որից 22-ն աշխատել է արդարադատության ոլորտում, մասնակցել է շուրջ 40 իրավական ակտերի մշակման աշխատանքների՝ ներկայացնելով հիմնականում դատական փոփոխություններ:

«Գուցե ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և իրականացրած գործունեության ոլորտից, երբևէ իմ անունը չի ստվերվել որևէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, անգամ կասկածով կամ նույնիսկ ակնարկով»,- ասաց նա:

  • Կիսվել: