Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստի մասին
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարց ուղղեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ կապված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի հետ, որը նախաձեռնվել էր ՀՀ-ի խմնդրանքով, և որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է մեր հիմնական խնդիրները, որոնք վերաբերվում էին Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ինչպես նաև՝ Հայաստան և Ադրբեջան հարաբերություններին:
Ներկայացնելով մանրամասները նիստից՝ Միրզոյանն ասաց. ՛՛Երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել Խորհրդի հատուկ նիստ մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով, և այնտեղ նախ ես եմ հանդես եկել զեկուցմամբ, ելույթով և ապա մյուս անդամ երկրները կամ կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել: Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ:
Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտ էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում և՛ ում կողմից ինչ է խախտվել, այդ թվում և՛ ում կողմից ինչ է արվում, ինչպիտի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել և ինչպիսի պարտավորություններ կան, որոնք պիտի իրականացվեն, բայց չեն իրականացվում: Կրկնում եմ, հստակ գիտակցում կա և ոչ միայն ԵԱՀԿ-ում: Դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներից, և կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու՛՛:
Խոսելով այն մասին, թե ՄԱԿ-ի ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում, ինչպես նաև անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ տարվա վերջին ՀՀ խնդրանքով ՄԱԿ ԱԽ-ում դարձյալ մեծ քննարկում տեղի ունեցավ, քննարկվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները, և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Միրզոյանը նաև վերջերս հեռախոսազրույց է ունեցել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ և կարևորել միջազգային առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ նախարարն ասաց. ՛՛Եթե կհիշեք, դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացնելուց հետո ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները՝ բավական երկար տարիների ընդմիջումից հետո: Եվ այժմ, ահա, Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի բլոկադայից հետո մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ ԱԽ-ում: Եթե ճիշտ եմ հիշում, դեկտեմբերի 20-ին սկսվեցին այդ քննարկումները: Նաև հրապարակային դիրքորոշումներ կրկին ԱԽ անդամ-երկները հայտնեցին, և յուրաքանչյուր ոք աշխարհում կարող է կոնկրետ երկրների դիրքորոշումների և դրանց նրբությունների մասին տեղեկանալ: Տեսագրությունները կան. դա հեռարձակվել է կենդանի ռեժիմով:
Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ փաստաթուղթ էր շրջանառվում: Ցավոք, փաստաթուղթն ընդունել հնարավոր չեղավ. դա պետք է լիներ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն: Այն ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով: Բայց աշխատանքները շարունակվում են: ՄԱԿ ԱԽ կարևորագույն հարթակ է: Կարծում եմ յուրաքանչյուր ոք կարող է գիտակցել դրա կարևորությունը: Եվ մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք՛՛:


