Քիչ ստուգումներ, բայց հավելյալ գումարներ. ՊԵԿ նախագահը՝ հարկային վարչարարության կատարելագործման մասին
2018 թվականի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն իրականացրել է 1 166 համալիր հարկային ստուգում, արձանագրվել է բյուջե վճարման ենթակա 30 մլրդ դրամ հարկ, 2019-ին ստուգումների թիվը նվազել է, բայց գումարն ավելացել, այդ մասին այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ուզում եմ մի շատ կարևոր բան ֆիքսենք՝ հարկային վարչարարություն կոչվածը միայն ստուգում չէ, նաև հարկ վճարողի իրազեկում է, սպասարկում է, հարկ վճարողի ուշադրությունը հրավիրելն է այս կամ այն անհամապատասխանության վրա: Օրինակ՝ 2019 թվականին մենք թվային առումով ավելի պակաս ստուգումներ ենք արել՝ 1020, բայց 62 մլրդ դրամ է ակտերի գումարը և 20 850 մլն դրամ ճշտումներ են ներկայացվել ստուգումների ժամանակ»,- ներկայացրեց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, նշված 62 մլրդ դրամ ակտերից շուրջ 30 մլրդ արժողությամբ ակտերը բողոքարկվածներն են, որոնք վերաբերում են գազալացակայանների գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին:
«Այնուամենայնիվ, եթե մենք ցուցանիշը համեմատենք, 2019 թվականի ընթացքում 1000 ստուգմամբ, կարելի է ասել, մենք 83 մլրդ հավելյալ գումարներ ենք առաջադրել»,- հավելեց նա:
Պաշտոնյայի խոսքով, կատարելագործվում է ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգը, ինչի արդյունքում պետք է ունենալ այնպիսի համակարգ, որում մարդկային գործոնը գրեթե ազդեցություն չունենա:
«Իսկ մարդկային գործոնն այսօր էլ ազդեցություն ունի, և ամենամեծ ազդեցությունն այդ ստուգման ցուցակին ունեմ ես, որովհետև ես եմ վերջում իմ հրամանով հրապարակում այդ ցուցակը»,- նշեց Անանյանը: