Քաղաքապետարանը կշարունակի աշխատել մինչեւ ավագանու հերթական ընտրությունը. Տիգրան Ավինյան
Այս պահի դրությամբ քաղաքապետարանը բնականոն հունով կշարունակի աշխատել մինչեւ ավագանու հերթական ընտրությունները: Այս մասին Հանրային հեռուստընկերության Հարցազրույց հաղորդաշարի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք ունենք քաղաքապետի առաջին տեղակալ, որը ժամանակավորապես իրականացնում է քաղաքապետի պարտականությունները: Քաղաքականապես մեզ համար տարբերություն չկա՝ ընտրությունները շուտ կլինեն, թե՝ ուշ, ընդամենը երկու-երեք ամսվա մասին է խոսքը: Քաղաքապետ չընտրվեց, որովհետեւ մի քանի ամսվա համար անտրամաբանական է ընտրել քաղաքապետ, որեւէ բան դրանից չի փոխվում: Իրավական խնդիր չկա»,- նշեց Ավինյանը:
Ավինյանի համար անհասկանալի է, թե ինչու է նրա ներկայությունը քաղաքապետարանի միջոցառումների ժամանակ քննարկման առարկա դառնում հանրության շրջանում: Ըստ նրա՝ ինքն ուղղակի համակարգում է այն ոլորտները, որոնք դրված են իր վրա ի պաշտոնե:
«Անտրամաբանական կլիներ, եթե վարչական շրջանների հետ աշխատանքը համակարգող փոխքաղաքապետը չշրջեր վարչական շրջաններով եւ չհասկանար խնդիրները: Դրա համար ինձ քննադատելը անտրամաբանական է: Բոլոր փոխքաղաքապետները պետք է աշխատեն այսպես: Եթե ես լինեի ընդդիմությունը, կկենտրոնանայի իմ չարածների վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը:


