Փոխքաղաքապետի 2–րդ օգնականն ո՞ւմ է պետք, սիրուհո՞ւ համար է նախատեսված. Թեհմինա Վարդանյան
Բավական անիմաստ հաստիքներ կան, վարչական շրջանների ղեկավարներն ունեն 1 կամ 2 տեղակալներ, աշխատակազմի ղեկավարներ եւ այլն: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Մեր բոլոր փոխքաղաքապետներն ունեն օգնականներ, հիմա ասեք՝ փոխքաղաքապետի երկրորդ օգնականն ինչի՞ն է միտված, որովհետեւ եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, վստահ եմ, որ այս դահլիճի 50-70 տոկոսը ասելու էր՝ թե բա փոխքաղաքապետի սիրուհու կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է: Ըստ իս, այս նախագծով հաստիքների առնվազն կեսը անիմաստ է: Դուք ասում եք, որ 38 հաստիք եք կրճատել, բայց ոչ մի կրճատում էլ չկա: Այս նախագիծը նախկինում պետք է գար, դուք մեծ բոլոլա արեցիք, հանեցիք նախագիծը, հետո էլի բերեցիք ու դրա տակ կոծկեցիք դե ֆակտո սիրուհիների հաստիքներ»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապատեի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ այո, այս նախագծով 5 օգնականը դառնում է 7 օգնական պայմանավորված նրանով, որ նոր փոխքաղաքապետի պաշտոնի ավելացում կա՝ զորահավաքի գծով. «Դա օրենքի պահանջ է, եւ մենք նաեւ մեր հաստիքացուցակը պետք է համապատասխանեցնեինք օրենքի պահանջին: Դա ենթադրում է իր փոքր աշխատակազմի ավելացում, մսնավորապես, օգնականի տեսքով: Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարների օգնականներ ունենալուն, ապա նույն հարցը կարող ենք տալ Երեւանի քաղաքապետի մասին. ինչու նա պետք է ունենան օգնականներ, եթե ունի նաեւ տեղակալներ»,-ասաց նա:


