երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Պետության ունեցվածքը «գույք՝ պարտքի դիմաց» տվել եք օտար պետության, հիմա ճամարտակում եք ՀԷՑ-ը խլելու մասին. Կոնջորյան

Պետության ունեցվածքը «գույք՝ պարտքի դիմաց» տվել եք օտար պետության, հիմա ճամարտակում եք ՀԷՑ-ը խլելու մասին. Կոնջորյան

2024 թվականի սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ՀԾԿՀ նախկին ղեկավարի հետ կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ պատգամավորները խստագույն գնահատականեր էին հնչեցրել և հարցադրումներ արել ՀԷՑ-ի գործունեության, Հայաստանում առկա էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ: Այդ հարցադրումները չեն ստացել պատասխաններ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Անցել են ամիսներ, 2025-ի մայիսի 20-ին վարչապետը հանձնարարական է տվել Կառավարության ներկայացուցիչներին էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև ՀԷՑ-ի հնարավոր պետականանացման գաղափարի վերաբերյալ, որից որոշ ժամանակ անց Սամվել Կարապետյանը՝ թուրը ձեռքին, նետվել է եկեղեցու պաշտպանությանը»,- ասաց Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկումներին, թե ՀԷՑ-ին առնչվող թեման սկսվել է Սամվել Կարապետյանին և եկեղեցուն առնչվող իրադարձություններից հետո:

Անդրադառնալով ընդդիմության գնահատականին, թե «ՀԷՑ-ը խլում են», Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Ո՛չ, ՀԷՑ-ը չենք խլում, պարզապես քանի որ մենք ՀԷՑ-ը պետականացնում ենք, իսկ դուք ՀԷՑ-ը համարում եք խալխինը, ձեզ համար «ՀԷՑ-ը խլել է», որովհետև ՀԷՑ-ը գնալու է, ժողովրդինն է դառնալու: Իսկ դուք ժողովրդի և պետության ունեցվածքը «գույք՝ պարտքի դիմաց» տվել եք օտար պետության, իսկ հիմա եկել այստեղ, ճամարտակում եք ՀԷՑ-ը խլելու մասին»:

  • Կիսվել: