երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ ԵԱՀԿ գործող նախագահ

Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայկական և ադրբեջանական կողմերին քաջալերում է անդրադառնալ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը:  ԵԱՀԿ գործող նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Նա նախ ընդգծեց, որ այսօր, սակայն նախկինում ևս ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի և բնակչության կյանքի վրա դրա ազդեցության մասին:

«Ընթացիկ իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան այս համատեքստը ընդհանուր առմամբ մնում է գերակայություն ԵԱՀԿ-ի համար, նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ասաց Բույար Օսմանին:

Օսմանին Հայաստան այցից առաջ՝ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նաև Բաքվում․ «Որպես նախագահ՝ մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին:  Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով, որ հասնենք այդ նպատակին: Ի վերջո, խոսքը վերաբերում է ժողովրդին, մարդկանց, այդ իսկ պատճառով ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին՝ երկխոսությամբ ու բանակցությամբ առաջ ընթանալու, ոչ թե ուժով և հարկադրությամբ »,-ասաց նա:

ԵԱՀԿ գործող նախագահը քաջալերում է անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները: Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ Օսմանին սատարում է ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը։

Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղով՝ Օսմանին նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ՝ լուծելու բարդագույն խնդիրներն իր հարևանների հետ:

«Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարի-դրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունն ու բարգավաճումը եկան այդ ամենի արդյունքում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը:

 

  • Կիսվել: