Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է համաձայնվել դառնալ ՔՊ վարչության նախագահ
Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու համաձայնեց դառնալ ՔՊ վարչության նախագահ, երբ ծանրաբեռնված է որպես վարչապետ:
Նա, մասնավորապես, ասաց. «Երբ ՔՊ կուսակցությունը ստեղծվել է, այն ժամանակ Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում: 2018-ի հեղափոխությունից հետո էլ այդ քննարկումները կային, թե արդյոք պետք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգին, թե ոչ: Մեր կուսակցության ծրագրում արձանագրել ենք, որ խորհրդարանական համակարգը հարմար ենք համարում Հայաստանին: Հենց այդ համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո կոլապսից ու կործանումից փրկել մեր պետությունը:
Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ընդունված է, որ վարչապետը, ի վերջո, նաեւ կառավարող կուսակցության նախագահն է»:
Անդրադառնալով նրան, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան, Փաշինյանը նշեց, որ դա իրենց իրավունքն է՝ մասնակցել, կամ չմասնակցել ԱԺ աշխատանքներին. «Իմ մասով կարող եմ ասել, որ բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու եւ քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Ես համոզված եմ, որ ամբողջ տեղեկատվությունը, որ կա բանակցային գործընթացի մասին, որեւէ մեկին այդ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո հիմք չի կարող տալ ասելու, որ մենք ՀՀ շահերին հակասող որեւէ գործունեությունը ենք իրականացրել»:


