Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»
«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» սպորտային կենտրոնն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի Ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։
«Մուլտի Ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանեց «Երևան Ուելնես»։ Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։
Համալիրի շարժական գույքերը ներառում են մարզասարքեր, կենցաղային ու սպորտային տեխնիկա, ջեռուցման ու հովացման համակարգեր, կահույք և այլն։ Դրանք այժմ շահագործվում են առանց «Մուլտի Ուելնես»-ի սեփականատերերի համաձայնության։
Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։
Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։
Ըստ պատասխանի՝ արդեն 4 ամիս համայնքային կառավարման անցած սպորտային կենտրոնի շարժական գույքի գույքագրումը դեռ շարունակվում է, «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։
«Մուլտի Ուելնես»-ը սպորտային կենտրոնի տարածքի պայմանագիրը խզելու գործով դատական գործընթաց է սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի, քաղաքացիական հայցով առաջին նիստը նախատեսվում է անցկացնել եկող տարի։
Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել որոշումները, որոնցով հողի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցվել են։ Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց «Մուլտի ուելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանը, մոտակա օրերին ևս մեկ հայց կմուտքագրվի դատարան, որ վերաբերում է համալիրի շարժական գույքերին:
«Հայց ներկայացված է, բայց վարույթ դեռ չի ընդունվել, օր չի նշանակվել»,- ասաց Փիրոյանը, ում խոսքով «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքերը գնահատվում են 6 մլրդ դրամի չափով:
«Նրանք գիտեին, որ դա մեր գույքն է, ասացին, որ ի պահ է հանձնվել, որ չվնասվի, մինչև քրեական գործերը հասկանան, բայց ի պահ հանձնված գույքն օգտագործվում է, քանդում են, պատերն են քանդում, որոշ բաներ են տեղափոխում։ Երևում է, որ բաներ են փոխում»,- ասաց նա՝ պնդելով, որ քաղաքապետարանն անօրինական է կառավարում մարզաառողջարանային համալիրը։
Ավանդաբար 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվող «Մուլտի Ուելնես»-ի անունը այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես չկա։ Անցած տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 302 մլն դրամի հարկեր, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 375 մլն, իսկ 2023-ի 9 ամիսներին ավելի քան 405 մլն։
Այս գործընթացներին զուգահեռ Քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որ վերաբերում է «Մուլտի Ուելնես»-ի կողմից մոտ 850 միլիոն դրամի շրջանառություն թաքցնելուն։ Այս գործով մեղադրանք ոչ մի անձի առաջադրված չէ, փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չկա:
«Ազատություն»-ը դիմել էր Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Քննչական կոմիտեի կողմից «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։ Իրավապահ մարմինը, սակայն, չի հաստատել սա:
ՔԿ-ից տրամադրած պատասխանի համաձայն՝ ««Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը նշված քրեական վարույթով չի հանդիսանում իրեղեն ապացույց»։ Փոխարենը իրեղեն ապացույց է հանդիսանում անշարժ գույքը (մարզասրահի տարածքն ու շինությունները), որը «պատասխանատու պահպանության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին:



