հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ. Գրիգորյան

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ. Գրիգորյան

Ես ընդհանրապես կողմ եմ, որ ինչպես տարբեր եվրոպական երկրներում, փողոցի անվանափոխումը լինի տեղական հանրաքվեով։ Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու  իր նախաձեռնությանը։

«Ես առաջարկել եմ, որ մենք փոխենք օրենքը, բայց այսօր գործող օրենքով ավագանին ունի լիազորություն փոխելու Երևանի փողոցների անվանումները՝ առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու։

Օրինակ, ես առաջարկել էի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Բեկորի անունով,  բայց իրենք կոչեցին Քրք Քրքորյանի անունով, հետևաբար ընդդիմությունը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել և սպասել, թե երբ է իշխանությունը այս կամ այն փողոցը անվանափոխում բնակիչների կարծիքը հաշվի չառնելով։ Մենք նույն ընթացակարգով նախագիծ ենք ներկայացրել, արտառոց բան չկա։ Արտառոցը նա է, որ իշխանությունը և իշխանության կոալիցիան զարմացած են, թե ոնց կարող է բացի իրենցից ինչ-որ մեկը հավակնել Երևանում փողոց անվանափոխել։ Այս ամբողջ ժիրոտաժը դրա շուրջ է։

Դրա համար բերվում են հազար ու մի արգումենտներ, ներառյալ այն, որ Պապ թագավորը Նիկոլ Փաշինյանի սիրած հերոսն է, բայց ես կարող եմ ասել, որ Պապ թագավորը որևէ նմանություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Պապ թագավորի օրոք մենք տարածքներ ենք հետ վերցրել, Պապ թագավորի օրոք մեր եկեղեցին դարձել է ինքնուրույն։ Այսինքն Պապ թագավորը ամեն ինչ արել է, որ մեր կաթողիկոսը օծվի Հայաստանում, ոչ թե Կեսարիայում։ Պապ թագավորը բանակը 10 000-ից սարքել է 90 000, ոչ թե երկու տարի ծառայությունը սարքել է 1.5 տարի։

Ես չգիտեմ ինչու է Նիկոլ Փաշինյանը ձգտում նմանվել կամ չնմանվել, կամ հայտարարել, որ ինքը նման է, բայց ինքը որևէ մի տոկոս նմանություն չունի Պապ թագավորի հետ։ Պապ թագավորը սպարապետի և կաթողիկոսի հետ ճակատամարտ է ղեկավարել և Ձիրավի ճակատամարտում պարսիկներին հաղթել է, որտե՞ղ եք դուք տեսել նմանություն Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասաց Գրիգորյանը։ նա նաև չհամաձայնեց տարածված կարծիքին, թե Պապ թագավորը հակեկեղեցական է եղել. ««Նա առաջին թագավորն է, ով իր ձեռքով օծել է կաթողիկոս  և ասել է՝ այս պահից դուք չեք գնալու այլևս կամ Պարսկաստան, կամ Բյուզանդիա և կախված լինեք այնտեղի հոգևոր իշխանությունից, դուք լինելու եք ինքնուրույն, դուք ենթարկվելու եք միայն ձեր ներքին ընթացակարգը։

Հրապարակ են մտնում Տիգրան Մեծի և Վազգեն Սարգսյանի փողոցները և այդ փողոցների համատեքստում ունենալ Ամիրյան փողոց, ինձ համար անընդունելի է»։

  • Կիսվել: