ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կքննարկեն հաղորդակցությունների բացման հարցը․Ժիրայր Լիպարիտյան

Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կքննարկեն հաղորդակցությունների բացման հարցը․Ժիրայր Լիպարիտյան

Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների միջև հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատումը և այլ չլուծված հարցեր։ Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը։

«Կարծում եմ, որ բոլոր հարցերը կլինեն օրակարգում, դա կլինի ազատ քննարկում, որն ավելի կարևոր է, քան մեկ հարցի վրա կենտրոնանալը», - BBC-ին տված հարցազրույցում ասել է Լիպարիտյանը։

Լիպարիտյանի տեսանկյունից, Աբու Դաբիում կայացած հանդիպումը, նախևառաջ, ազդանշան է այն մասին, որ անորոշության և մի քանի զուգահեռ գլոբալ հակամարտությունների պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պահպանում են կապը և շփվում են անմիջականորեն՝ առանց միջնորդների։

«Անկանխատեսելիությունը, հավանաբար, ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական տարբերակիչ գիծն է։ Եվ չնայած որոշ մարդիկ կարծում են, որ անկանխատեսելիությունն ու քաոսը կարող են ստեղծագործ լինել, մեր տարածաշրջանում քաոսը տիրում էր շատ երկար ժամանակ և դա մեզ ոչ մի լավ բան չբերեց», - նշել է պատմաբանը։

Խոսելով Բաքվի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին՝ Լիպարիտյանը նշել է, որ «սահմանադրության հարցը կարող է լուծվել որևէ ժամանակավոր համաձայնագրով։ Սահմանադրության փոփոխությունը միակ տարբերակը չէ, և ես վստահ եմ, որ Բաքուն հասկանում է, թե որքան բարդ գործընթաց է սա», - ասել է նա։

  • Կիսվել: