ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
«Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է. Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

«Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է. Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումները Հայաստանում հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու Արևմուտքի փորձերի մի մասն են կազմում. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» (տոտալիտար վերահսկողություն, հսկողություն և քարոզչություն - խմբ.) ամենաբարձր մակարդակն է։ Սա է այն, ինչ (Վլադիմիր) Զելենսկին անում է Ուկրաինայում, նրանք փորձեցին դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդն ապստամբեց, և Բելգրադը կարողացավ պաշտպանել Եկեղեցին», - ասել է Կուստուրիցան։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է նրան ցանկացած օգնություն ցուցաբերել:

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել է ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։

 Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

  • Կիսվել: