ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք. Կորեայի ձորում էլի տուն են կառուցում

Ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք. Կորեայի ձորում էլի տուն են կառուցում

Կորեայի ձորում նորից խնդիր ենք ունեցել, շինաղբ են տարել թափել: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգվարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով նաեւ հետաքրքրվեց, թե ինչ կազմակերպություն է եղել դրա հեղինակը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ասաց, որ տեղյակ է դեպքից. «Կազմակերպություն չի, քաղաքացի է, որն արդեն երրորդ անգամ է նույն գործողությունն անում: Ինքն այնտեղ ապօրինի շինություն է անում: Նույն օրը, նույն վայրկյանին քանդվել է: Մոտ մեկ ամիս առաջ նորից նույն գործողությունն արել է ու նորից քանդվել է»:

Քաղաքապետն առաջարկեց այդ տարածքում առանց լարի աշխատող տեսախցիկ տեղադրել եւ վերահսկել, ինչին Ազատյանն արձագանքեց. «Դա էդ հարցը չի, էսի ուրիշ հարց ա: Ուղղակի համայնքի հողի վրա տուն է սարքում: Երկու անգամ իր տունը քանդվել է, որից մեկը եղել է երկու օր առաջ: Երեք եղբայրն են, որոնցից մեկը հոգեկան խնդիրների մեջ է, ոչ մի ձեւի դեմը չենք կարում առնենք: Պետք է սարքի՝ քանդենք: Համագործակցում ենք ոստիկանության հետ»:

Քաղաքապետ Սարգսյանն էլ առաջարկեց առանձին այդ հարցը քննարկել, հասկանալ, թե ինչ լուծումներ կարող են լինել:

  • Կիսվել: