Նիկոլ Փաշինյանը չի ազատվում, որովհետև ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է և նրան կարող է պաշտոնից ազատել միայն ՀՀ ժողովուրդը. Արմեն Փամբուխչյան
Բոլոր պաշտոնյաները ենթակա են ինչ-որ մի օր հրաժարական տալու կամ աշխատանքից ազատվելու: Կարծում եմ՝ ստանդարտ քաղաքական պրոցես է և պետք չէ անձնավորել մարդկանց»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կառավարության մի շարք անդամների պաշտոնանկություններին՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Փամբուխչյանի խոսքով՝ բոլոր ազատված գործընկերների հետ մտերմիկ հարաբերությունների մեջ են. «Մեր ընկերներն են, իրենց հետ ճանապարհ ենք անցել»:
Լրագրողի հարցին, թե արդյոք փոխքաղաքապետն էլ է վարչապետից «sms» ստացել, Փամբուխչյանը նշեց՝ ոչ. «Ընդհանուր տրամաբանության մեջ վարչապետը ելույթ է ունեցել Կառավարության նախորդ նիստին և իրականացրել է այդ ելույթում իր նշած վճռական որոշումները»:
Իսկ թե ինչու վարչապետն էլ հրաժարական չի ներկայացնում՝ Արմեն Փամբուխչյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի ազատվում, որովհետև ինքը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է և նրան կարող է պաշտոնից ազատել միայն ՀՀ ժողովուրդը»: