չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Սա կառավարության քիմքի հարց չէ. սա ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակներում արվող փոփոխություն է․ Աղաջանյանը՝ դատախազների աշխատավարձերի բարձրացման մասին

Սա կառավարության քիմքի հարց չէ. սա ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակներում արվող փոփոխություն է․ Աղաջանյանը՝ դատախազների աշխատավարձերի բարձրացման մասին

Այստեղ շատ հնչեց այն միտքը, որ կազմաքանդվում են համակարգեր, որ անարդար բաց է առաջանում պետական կառավարման համակարգի մի ոլորտի աշխատակիցների և այլ ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի եկամուտների բաշխման համատեքստում: Ընդհանրապես, պետական կառավարման համակարգում ամբողջական աշխատավարձային ֆոնդի վերանայումը, ըստ էության, գործնականում անհնար է, եթե խոսքն էֆեկտիվ և շոշափելի  փոփոխությունների մասին է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրացված որոշ հարցերին:

«Նման մասշտաբի փոփոխությունները ֆինանսական ահռելի բեռ են պետական բյուջեի վրա և տրամաբանական է, որ կոնկրետ ոլորտներում՝ որոնք կառավարության համար տվյալ պարագայում առաջնահերթություն են համարվում, տեղի է ունենում աշխատավարձերի կամ եկամուտների բարձրացում»,- ասաց Աղաջանյանը:

Պատգամավորն անդրադառնալով ճնշումներին, ասաց, որ խոսքն այնպիսի գործերի վերահսկողության մասին է, որոնք 100-ավոր միլիարդ դրամների կոռուպցիոն ռիսկեր են պարունակում և, բնականաբար, այսպիսի մեծ ֆինանսական ռիսկեր պարունակող գործերը քննող դատախազները պետք է առնվազն պատշաճ եկամուտ ունենան և վարձատրվեն:

«Սա բխում է ՀՀ կառավարության կողմից որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունից և նրանից, որ սա կառավարության կողմից հայտարարվել է որպես առաջնահերթություն: Սա կառավարության կամ կոնկրետ քաղաքական անձանց քիմքի հարց չէ, սա ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակներում արվող փոփոխություն է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

  • Կիսվել: