հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ. ՀՀ նախագահ

Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո Երևանում կայացել է «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագիրը կրող բիզնես համաժողովը՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում։

Նախագահը ողջունել է ներկաներին և հանդես եկել ելույթով՝ նշելով հանդիպման կարևորությունը։ Իր խոսքում նա շեշտել է համագործակցության, փոխվստահության և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ կայունության և զարգացման:

«Շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու համար: Տարեկան հանդիպման անցկացումը, վստահեցնում եմ ձեզ, մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության դրսևորում:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալած այլ ֆինանսական կառույցների հետ, իր առանձնահատուկ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում: Ինչպես հայտնի է, բանկն առևտրային ֆինանսավորման բավական մեծ սպեկտրի ծառայություններ է մատուցում՝ միջոցներ տրամադրելով հայկական ընկերություններին՝ նրանց մրցունակությունը, շուկայում մասնակցությունը մեծացնելու և ամրապնդելու նպատակով: Մյուս կողմից, բանկը նաև տրամադրում է վարկեր բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին, որոնք հիմնականում ֆինանսավորում և աջակցում են փոքր և միջին բիզնեսին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բանկի հետ կամրապնդվի և կնպաստի Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածի զարգացման և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Այս միջոցառումը դիտարկում եմ նաև հնարավորություն՝ ներկայացնելու այն ձեռքբերումները, որոնց հասել է Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում, ինչպես նաև միասին քննարկելու համատեղ իրականացվող և իրականացվելիք նախագծերը, ծրագրերը:

Եթե խոսենք Հայաստանի տնտեսության զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ թափ է հավաքել: Արդյունքում՝ մասնագետների շրջանում հստակ կոնսեսուս կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է: Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին և օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները:

Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, և որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով:

Անդրադառնալով ապագային միտված ծրագրերին՝ ընդհանուր ձևակերպմամբ այն կլինի գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածություն: Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։

Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա: Որպես դրա վառ վկայություն՝ Հայաստանի կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ և բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները: Մեկնարկել ենք նաև բեկումնային նոր՝ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը և ձևավորելու հետազոտությունների ու մշակումների զարգացած էկոհամակարգ:

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ: Ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլոգիական խաղացողներ, ինչպիսիք են NVIDIA-ն, Synopsis-ը, Siemens-ը, Adobe-ը, DLink-ը և այլք, իսկ մյուս կողմից՝ այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափներն, ինչպիսիք են Picsart-ը, Service Titan-ը, YerevaNN-ը և այլոք: Չեմ կարող չանդրադառնալ ամենաթարմ տեղեկատվությանը, որը վերաբերում է նախնական 500 միլիոն դոլար արժողությամբ նոր համատեղ ներդրումային ծրագրին՝ միտված արհեստական բանականության կենտրոնի ստեղծմանը, որին մասնակցելու են NVIDIA, Firebird և Team ընկերությունները:

Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերն, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը:

Լինելով Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաև կարևորում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը: Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համատեղ գործընթացը:

Մենք նաև գտնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող և ինտեգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների միջև:

Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրմամբ մենք պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկի» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում և ենթակառուցվածքներն ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը բոլոր երկրների միջև։

Այս ամենին մեծ թափ կարող է հաղորդել միայն արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում: Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումն, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Մեծ թափով ձեռնամուխ ենք եղել արդարադատության լայնածավալ բարեփոխումներ անելու գործին՝ համատարած վերափոխելով դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը: Դրա արդյունքներն արդեն իսկ առկա են և դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցուցիչներում Հայաստանի արձանագրած հաջողությունները:

Նշված բոլոր ուղղությունները ճանապարհ են հարթում դեպի այնպիսի առաջադեմ միջավայր, որտեղ խաղաղ և բարգավաճող Հայաստանն ու Հարավային Կովկասն, ինչպես նաև սևագովյան տարածաշրջանը իրենց մեծ նպաստը կբերեն աշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկեցության բարձրացմանը և գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը»:

  • Կիսվել: