Մեր հետևից ուղարկում են ոստիկաններին, ԱԱԾ-ին, որ լռե՞նք, չե՛նք լռելու. Խաչատրյան
«Ես փաստում եմ, որ սա առաջին հարթակն է, որտեղ հավաքվել է ժողովուրդը՝ հենց իր հարցերը բարձրաձայնելու համար»,-այս մասին «Սոցիալական շարժման» հիմնադրման միջոցառման ժամանակ ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենք այսօր հավաքվել են, որպեսզի որոշումներ կայացնեն և ասեն, թե ժողովուրդն ինչ է ցանկանում:
«Ժողովուրդն ուզում է, որպեսզի չլինի մանկավաճառություն: Երբ մենք դա բարձրաձայնում ենք, մեզ սկսում են քննադատել, դիմում են ոստիկանություն, մեր հետևից ուղարկում են ոստիկաններին, ԱԱԾ-ին, որ լռե՞նք: Մենք չե՛նք լռելու: Ժողովուրդն ուզում է ունենալ աշխատանք. այսօր մենք տեսնում ենք, որ գործազրկության թիվն ավելանում է: Մարդիկ թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներից ազատվում են աշխատանքից: Բա ո՞վ է լուծելու իրենց հացի խնդիրը: Մենք ուզում ենք, որ անտուններ չլինեն, բայց այսօր ունենք փաստ. անօթևանների կացարանում մեկ հարկի տակ ապրում է հարյուր հոգի, ովքեր չեն ստանում նորմալ բուժում: Որևէ առողջապահական խնդիր չի լուծվում: Սնունդը դուք տեսե՞լ եք, եթե տեսնեք, ձեր լացը կգա, իմը եկել է»,-ասաց Մարինա Խաչատրյանը:
Ժողովրդի ցանկությունների շարքում նա շեշտեց նաև երեխաների արժանապատիվ ապագան, ինչպես նաև՝ մեր երկրի սահմանների ապահովությունը: