ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայաստանին աջակցության հիմնական խումբը վերահաստատել է ՀՀ ինքնիշխանությանն ու տնտեսական դիմակայունությանն աջակցելու պատրաստակամությունը

Հայաստանին աջակցության հիմնական խումբը վերահաստատել է ՀՀ ինքնիշխանությանն ու տնտեսական դիմակայունությանն աջակցելու պատրաստակամությունը

Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանին աջակցության հիմնական խմբի (Core Group) անդամ երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։

Հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը, կայունությանն ու դիմակայունությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը հստակ ընտրություն է կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին։ Ըստ հայտարարության՝ դրանից հետո Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ շարունակել են աճել։

Մասնավորապես, նշվել են հայկական արտահանման նկատմամբ սահմանված աննախադեպ սահմանափակումներն ու էներգակիրների մատակարարումները որպես ճնշման միջոց օգտագործելու սպառնալիքները։ Հայաստանին աջակցության հիմնական խմբի մասնակիցները հայտարարել են, որ կաջակցեն երկրի տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ԵՄ որոշումը՝ Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման համար մաքսատուրքերը չեղարկելու մասին, ինչը վերաբերում է դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսին։

Մասնակիցները նաև աջակցություն են հայտնել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և տարածաշրջանային կապուղիներին ու միջազգային առևտրային հոսքերին երկրի ավելի լիարժեք ինտեգրմանը։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Մասնակիցները ողջունել են 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արձանագրված առաջընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

  • Կիսվել: