չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
«Մեր երկրի համար շատ կարևոր շրջան է»․ ՔՊ-ականները ԱԺ-ում ուսանողների են ընդունել

«Մեր երկրի համար շատ կարևոր շրջան է»․ ՔՊ-ականները ԱԺ-ում ուսանողների են ընդունել

«Շատ կարեւոր է պատասխանատվությունը քաղաքական գործընթացներում: Պատասխանատվությունը ժողովրդի, պետության առջեւ: Պատասխանատվության «ինստիտուտի» բացակայությունն է, որ հանգեցնում է պետության հիմքերի խարխլմանը»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ հանդիպմանը:

Ուսանողները հետաքրքրվել են միջազգային հարաբերություններում Հայաստանի տեղի եւ դերի, արեւմուտքի եւ արեւելքի հետ հարաբերությունների զարգացման տեսլականից։ Պատգամավորը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության յուրահատկությունը, կարեւորել բոլոր գործընկերների հետ Հայասատանի դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը եւ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ակտիվ արտաքին քաղաքականություն։

նկար

Ուսանողների հետ հանդիպել է նաեւ նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

Հյուրերը հետաքրքրվել են ռազմական ոլորտի՝ ապագայում սպասվող բարեփոխումներով, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ այստեղ իրականցվում են բազում աշխատանքներ, որոնք կնպաստեն ռազմական ոլորտի զարգացմանը: Երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատգամավորը կարեւորել է պրոֆեսիոնալ բանակի առկայությունը:

 

Ուսանողները նաև հետաքրքրվել են Լաչինի միջացքի բացման ուղղությամբ պետության քայլերով։ Պատգամավորը կարեւորել է հարցը դիվանագիտական ասպարեզում լուծելը։ 

 

«Այսօր մեր երկրի համար շատ կարեւոր շրջան է. մենք պետք է կարողանանք մեր երկիրը պաշտպանել ինչպես ուժեղ բանակով, այնպես էլ հզոր դիվանագիտությամբ»,- նշել է Վահագն Ալեքսանյանը։

Հանդիպման ժամանակ ուսանողները հետաքրքվել են կրթության ոլորտի բարեփոխումներով, մասնավորապես, բուհերի խոշորացման հարցով։ 

Վահագն Ալեքսանյանը նշել է, որ դա ամենակարեւոր ծրագրերից է, եւ այն կնպաստի կրթության, հետազոտությունների եւ մրցունակության բարձրացմանը։ 

Լիլիթ Ստեփանյանն էլ հավելել է. «Ցանկացած բարեփոխում պետք է դիտարկենք ընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ հասկանալու համար դրանց ազդեցությունը պետության առաջընթացի գործում»:

Այցի ժամանակ պատգամավորներն ընդգծել են կրթության կարեւորությունը եւ նշել, որ ԵՊՀ-ն նշանակալի դեր ունի պետության զարգացման գործում: 

 

նկար

«Դուք ապագա դիվանագետներ, քաղաքագետներ եք, կրթվե՛ք, զարգացե՛ք, եղե՛ք ձեր մասնագիտության մեջ լավագույնը եւ նպաստե՛ք մեր երկրի բարգավաճմանը»,- ասել են խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարատեսակ հարցեր, որոնք վերաբերել են գիտությանը, տնտեսությանը, անվտանգությանը:

Հագեցած օրվա ավարտին հյուրերն այցելել են խորհրդարանի գրադարան եւ թանգարան: 

  • Կիսվել: