Մենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ ենք և կոչ ենք անում կենտրոնանալ մշտական հանձնաժողով ձևավորելու վրա. Ալխաս Ղազարյան
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող, պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նպատակն է, որ պատգամավորի վարքը դառնա քննության առարկա ժամանակավոր հանձնաժողովի շրջանակում. հիմնավորումն առաջացել է 2025-ի մարտի 20-ին խորհրդարանի միջանցքում պատգամավորի վարքը քննելու համար:
Նրա խոսքով՝ պատգամավորը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք:
Առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել հինգ, գործունեության ժամկետը՝ մինչև երկու ամիս:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Թովմասյանին հիշեցրեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, որը լրագրողի էր հարվածել խորհրդարանի շենքում, հարցրեց՝ արդյոք նա դիմե՞լ է իր գործընկերներին այդ հարցով՝ արդյոք այդ օգնականը պետք է շարունակի՞ աշխատել ԱԺ-ում, ինչին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց՝ իր գնահատականը տվել է այդ օրերին, և Լևոն Քոչարյանի օգնականի վերաբերյալ հարցը վերաբերելի չէ ներկայումս քննվող հարցի համատեքստում:
«Ընդունում եմ կարգավիճակների տարբերությունը, բայց պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել, ու դրա հետ կապված՝ ոչ մեկդ ոչինչ չի ասել, ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել, մեջբերում եք Անդրանիկ Քոչարյանի ասածը, նույնական՝ դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին, արտահայտություններ արել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, եթե չեմ սխալվում՝ Գեղամ Մանուկյանը կամ Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան civik.am-ի լրագրողի հարցերին: Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել»,- հարցրեց Ալեքսանյանը:
Թովմասյանը հակադարձեց՝ դիմելով դահլիճում նստած ՔՊ պատգամավորներին, ինչին միջամտեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նրան հորդորելով հարգալից արտահայտվել, որակումներ ու վիրավորանքներ թույլ չտալ ՔՊ խմբակցության պատգամավորների հասցեին:
Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին՝ կոչ արեց տեղից իրեն չպատասխանել:
Արշակյանը կոչ արեց անջատել Թովմասյանի խոսափողը, ինչից հետո նա և Արշակյանը սկսեցին վիճաբանել:
Հարակից զեկուցող, Պետաիրաավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հայտնեց՝ օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելիս արդեն նշել են՝ այս առաջարկն ամբողջական լուծում չէ, կարող են նոր հարցեր առաջանալ:
Նրա խոսքով՝ նման հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ ամեն դեպքում այն լինելու է մեծամասնության հանձնաժողով:
«Մեր նպատակը պետք է լինի ստեղծել մշտական գործող ինստիտուցիոնալ հանձնաժողով, որը կուսակցական պատկանելությունից անկախ՝ կկարողանա օբյեկտիվ, արդար մոտեցում ցուցաբերել պատգամավորի՝ էթիկայի հետ կապված հարցերին: Գործող կարգավորումն ունի լրջագույն բացեր, ունի սուբյեկտիվության մեծ ռիսկ:
Պետք է նշեմ, որ մենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ ենք և կոչ ենք անում կենտրոնանալ մշտական՝ օրենսդրորեն ամրագրված և ինստիտուցիոնալ հանձնաժողով ձևավորելու վրա»,- ասաց Ալխաս Ղազարյանը: