Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ. Շարմազանով
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:
Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձեւ տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ: Մեկ տարի առաջ Փաշինյանը համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա:
Այսօր վարչապետին նոր մեղավորներ են պետք՝ խոստումները ջրելու եւ իրեն միամիտ անկեղծությամբ հավատացողների ականջներին լապշա կախելու համար: Մեղավոր էին իջեւանցիները, սեւազգեստ մայրերը, աղքատությունը գլխում պահած բողոքավորները, չաշխատող , թամբալ ՀՀ քաղաքացի-պողոսները: Իսկ գլխավոր մեղավորը Սահմանադրական դատարանն է, հաջորդը կլինի 4-րդ իշխանությունը: Ստելու համար մեծ խելք պետք չի, միամիտներ են պետք»: