կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան

Ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանում հայտարարեց, որ ԱԺ-ում պետք է լիներ 4-րդ խմբակցություն (նկատի ունի ԲՀԿ-ին-խմբ.), ընդդիմադիր քաղաքական գործիչները ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների, և այս համատեքստում պատգամավորը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է սա բարեկիրթ ու ժողովրդավար:

Նշենք, որ մինչ այդ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ ԱԺ-ում պետք է լինել բարեկիրթ, քանի որ ժողովուրդն ուղարկել է քաղաքական գործիչներին ԱԺ աշխատելու, ոչ թե կռիվ անելու:

Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով Լևոն Քոչարյանին, նշեց, որ նրա գնահատականների հետ համաձայն չէ և կարծում է, որ իրավապահ, դատական մարմիներն աշխատում են համապատասխանաբար:

«Ըստ իս՝ օրինակ, քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները, որովհետև 2008 թվականի մարտի 3-ին, երբ Ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները, սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ինքը գնաց ու այլևս չեկավ, որովհետև նրան ձերբակալեցին, կալանավորեցին և մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով:

Իհարկե, ինքը կատարելապես անմեղ էր, որովհետև այդպիսի փորձ ընդհանրապես տեղի չէր ունեցել, ինքն էլ առավել ևս այդ հանրահավաքների ղեկավար կազմում չէր եղել, և ինքը 3 ամիս կամ 2,5 ամիս քաղբանտարկյալ էր: Արդյունքում գործը փլվեց և կասեցվեց, նա ազատ արձակվեց: Ես գիտեմ՝ որն է բռնաճնշումը:

Իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ՝ որն է: Բարեկրթություն է, որ այդքանից հետո (որ ասում եք՝ բա մեր կալանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը…) ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր՝ կալանավորված վիճակով, և բարեկրթությունն այն է, որ իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, և այդ ժամանակ պարոն Կարապետյանի հայրն էլ իշխող խմբակցության ղեկավարն էր, ես, միևնույն է, կարծում եմ, որ պարտավոր եմ Ձեզ հետ շփվել պարզ, մարդկային բարեկրթության սահմաններում և իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: