Կորոնավիրուսային թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է. Արսեն Թորոսյան
Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին:
«Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա:
«Դիմակների մասով նշեմ, որ բժշկական հիմնարկներին տրամադրելու քանակներ ունենք, մոտավորապես 200 հազարի չափով: Գիտենք, որ մոտավորապես 300 հազար ներկրում է եղել Հայաստան, սակայն ձեռքբերման գինը դրսում ի սկզբանե շատ բարձր է եղել, և այդ բարձր գնով սպառելն առաջացնում է տպավորություն, թե սպեկուլյացիա կա: Հիմա ՏՄՊՊՀ-ը, հանրային իրազեկում անելով և ներմուծողի հետ քննարկելով, փորձում է այդ հարցը լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:


