շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Խորհրդարանում հյուրընկալվել են Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները

Խորհրդարանում հյուրընկալվել են Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները

ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանն ապրիլի 28-ին հանդիպել են Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանն արժեւորել է Էստոնիա-Հայաստան համագործակցությունը, խորհրդարանական կապերը՝ դրանց խորացման հարցում կարեւորելով բարեկամական խմբերի դերակատարությունն ու արդյունավետ աշխատանքը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործակցության ընդլայնմանը՝ ԱԺ պատգամավորները մանրամասներ են հայտնել եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ իրականացվող գործընթացի վերաբերյալ:

Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամները հյուրերին ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամը նշել է, որ երկկողմ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական: Անդո Կիվիբերգը կարեւորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում եւ խաղաղության գործընթացում ձեռքբերումները: Ողջունելով հայկական կողմի եվրոպական ձգտումները՝ հյուրը նշել է, որ Էստոնիան պատրաստ է այդ գործընթացում աջակցել Հայաստանին՝ ներկայացնելու եվրաինտեգրման գործում իր երկրի փորձն ու անցած ճանապարհը:

Անդրադարձ է կատարվել հունիսին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

  • Կիսվել: