Կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով. Փաշինյան
Իշխանության եւ եկեղեցու միջեւ պառակտման մասին խոսելը ճիշտ չէ, որովհետեւ իշխանությունն ու եկեղեցին տարբեր, իրարից անջատ մարմիններ են: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերումա ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Համաշխարհային հայկական համաժողովին հրաժարվեցին մասնակցել երկու կաթողիկոսները:
«Կարծում եմ՝ տեղի է ունենում շատ կարեւոր մի բան, ձեւավորվում են պետության եւ եկեղեցու նոր հարաբերություններ: Իմ կարծիքով, ձեւավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ: Այդ ձեւավորումը տեղի է ունենում հաջող, որովհետեւ միանշանակ է, որ համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը անցել է շատ հաջող: Ես հենց մասնակիցներից ստացել եմ առաջարկներ, որ այդ գագքաթնաժողովը դառնա ամենամյա: Ես արդեն Սփյուռքի հանձնակատարին այդ հանձնարարականը տվել եմ: Այն ալգորիթմերը, որոնք դրվել են գագաթնաժողովի կազմակերպման հիմքում, մեզ հնարավորություն են տալիս շփվել իրական Սփյուռքի հետ, Սփյուռքի բացարձակ մեծամասնության հետ, Սփյուռքի 95 տոկոսի հետ, որոնք գուցե թե տարբեր պատճառներով նկատելի ու տեսանելի չեն եղել, ինչքան էլ դա տարօրինակ հնչի: Մենք հիմա ուրիշ բանաձեւով ենք աշխատում Սփյուռքի հետ եւ կարծում եմ՝ այդ բանաձեւը ճիշտ է: Առաջին գագաթնաժողովը տվեց իր արդյունքը»,-ասաց Փաշինյանը:
Շարունակելով եկեղեցու հետ հարաբերությունների թեման՝ վարչապետն ասաց. «Այս ամենի արդյունքում, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով եւ ավելի համապարփակ անդրադառնա հոգեւոր օրակարգին»:
Հարցին՝ մտահոգի՞չ չէր, որ կաթողիկոսները չմասնակցեցին այդ գագաթնաժողովին, նա պատասխանեց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ընտրության ազատությունը հռչակել ենք կարեւորագույն արժեք, յուրաքանչյուր կառույց ինքն է որոշում՝ մասնակցել, թե ոչ: Մենք ցանկացել ենք, որ մասնակցի, մենք աշխատել ենք, որ մասնակցի, բայց որոշումը կայացնում են իրենք»:


