կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ Ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու. Սաղաթելյանը՝ Ռուբինյանին

Կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ Ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու. Սաղաթելյանը՝ Ռուբինյանին

Որպես ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ Ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու: Այս մասին այսօր ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին հարցրեց ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը՝ 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ:

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց. «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»:

Նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, նաեւ նշեց, որ  ամեն դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։

«Կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրաքվե»,- ասաց նա:

Սաղաթելյանի ճշտող հարցին՝ ինչ է նշանակում օպտիմալացում, Ռուբինյանը պարզաբանեց՝ դա տեսականորեն նշանակում է, որ կողմերը, օրինակ, որոշում են սահմանազատման ընթացքում փոքրիկ՝ համարժեք փոփոխություններ անել, որպեսզի, օրինակ, սահմանային գյուղերի կյանքը չխաթարվի, և այսպես շարունակ:

«Ուշադրություն դարձրեք, որ սա ասում եմ զուտ տեսական: Այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև: Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորություն կա: Տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել անկլավների հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին, կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որն է այդ տարածքը, և այդ տարածքը քառակուսիով, այսինքն՝ այդ տարածքի չափը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա չի կարող մեզ համար լինել քննարկելի»,- խոսքը եզրափակեց Ռուբինյանը:

  • Կիսվել: