երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ՛՛Իտալիայի եղբայրներ՛՛ կուսակցությունը ներկայացնող Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ՛՛և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները՛՛։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։

Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն ենթարկվել է հալածանքների, որոնց վերաբերյալ շատերի լռությունը նրանց բարոյապես հանցակից է դարձնում։

Հայերը բնորոշվում են նաև որպես ՛՛Արարատի ժողովուրդ՛՛. Արարատ լեռան վրա է ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյյան տապանը։ Հովհաննես Պողոս II պապը 2000թ. սեպտեմբերի 14-ին Հայ Կաթողիկե պատրիարքարանի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, հետևյալ կերպ է բնորոշել հայերին. ՛՛Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Խաչը հայերի ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքից հետո վերածնվելու փառքի խորհրդանիշն է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: