Կանխարգելիչ հարվածների մասին Զելենսկիի հայտարարությունը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ է․ Պեսկով
Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, ըստ էության, նշանակում է համաշխարհային պատերազմ սկսելու կոչ: Այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա նշել է, որ հակամարտության դեպքում հետեւանքները կլինեն ՛՛հրեշավոր ու անկանխատեսելի՛՛։ Ըստ Պեսկովի՝ աշխարհի բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության անդամները, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայի նախագահի հայտարարություններին։
՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրականում ղեկավարում են Կիեւի գործունեությունը՝ նրանք պատասխանատվություն են կրում Զելենսկիի խոսքերի եւ գործողությունների համար՛՛,-ընդգծել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ՛՛կանխարգելիչ՛՛ հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե ՛՛սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին՛՛։


