չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Իշխան Սաղաթելյանը մեկնել է Մոսկվա. «Ժողովուրդ»

Իշխան Սաղաթելյանը մեկնել է Մոսկվա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա անխոչընդոտ հատել է սահմանը եւ հասել է ՌԴ մայրաքաղաք։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ անձամբ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ շուտով կվերադառնա. «Աշխատանքային այցով, այո, Մոսկվայում եմ, բայց շուտով վերադառնալու եմ, անհոգ եղե՛ք», -փոխանցեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանի մեկնումը տեղի է ունենում քաղաքական լարված փուլում. իշխանական շրջանակում բացահայտ խոսում են նրան կալանավորելու մտադրության մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ իրավապահ համակարգը Սաղաթելյանին պատրաստվում է մեղադրել «Սրբազան շարժմանը» աջակցելու համար, իսկ վարչապետ Փաշինյանը ենթադրաբար SMS հաղորդագրությամբ արդեն հանձնարարել է մինչեւ ԱԺ ամառային արձակուրդների սկսվելը՝ հուլիսի 15-ից առաջ, նրան կալանավորել։

Բացի դրանից, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների համաձայն, ՀՅԴ գրասենյակներում եւս հանձնարարված է խուզարկություններ իրականացնել, եւ հնարավոր է՝ նոր դաշնակցականներ եւս կալանավորվեն։

Ինչ վերաբերում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ապա Դատախազությունը քննարկում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն ՔՊ քաղաքական թեւում կալանքը քիչ հավանական են համարում»։

  • Կիսվել: