Իրավապահները Ծառուկյանի առանձնատանն են (տեսանյութ)
Իրավապահ համակարգի ներկայացուցիչները այս պահին շրջապատել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատունը:
Իրավապահները մտել են առանձնատուն և խուզարկություն են կատարում: Ինչպես հաղորդում են այս պահին առանձնատանը գտնվող ԲՀԿ պատգամավորները, պատճառը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունուց կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու ոմն Վազգենի և Ծառուկյանի միջև գումարային խնդիրներն են:
Ինչպես նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապահները հոդաբաշխ նույնիսկ չկարողացան բացատրել իրենց խուզարկության պատճառը: Նա նաև հավելեց, որ խուզարկություններ են կատարվել ԲՀԿ այլ անդամների բնակարաններում ևս: Պատգամավորը այս ամենում տեսնում է քաղաքական ենթատեքստ: "Ըստ էության կրկնվում է 2015 թվականի սցենարը, երբ քաղաքական հայացքների պատճառով Հանրապետականի իշխանությունը փորձեց լռեցնել Ծառուկյանին",- հավելեց պատգամավորը:
Զոհրաբյանը հավելեց, որ այս ամենի մասին արդեն տեղեկացված են դեսպանատները, միջազգային կառույցները: ԲՀԿ անդամները պահանջում են արտասահմանյան կառույցներից իրենց գնահատականը տան տեղի ունեցողին:
Պատգամավորները ամեն դեպքում դուրս են եկել առանձնատանից, որպեսզի չխանգարեն Ազգային անվտանգության աշխատակիցներին կատարել իրենց աշխատանքը: Ամեն դեպքում նրանք հավաստեցին, որ իրենք չեն վախենում "ռեպրեսիաներից" և ձերբակալություններից և նման մեթոդներով իրենց հնարավոր չէ լռեցնել:
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ եթե հետայսու ԲՀԿ անդամներից կամ նրանց մերձավորներից գեթ մեկը ձերբակալվի, նա կհամարվի քաղաքական բանտարկյալ: