Իրանի նախագահը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունները ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում։
Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցություններին։
Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ ամեն գործի առաջին պայմանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա։
«Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար, այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի»,-ընդգծել է Իրանի նախագահը։
Նա նաև շեշտել է, որ բոլոր պետություններն, այդ թվում՝ Իրանը, միջազգային իրավունքի շրջանակներում ընդունել է այդ սկզբունքը և հուսով է, որ հենց միջազգային իրավունքի շրջանակներին հավատարիմ մնալով, կլուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները։
«Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով։ Երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի և օգնել միմյանց»,-ընդգծել է Իրանի նախագահը։