կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Փաշինյան

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Փաշինյան

Մենք պետք է իքս պահից դադարենք աշխարհն ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։

Երկրորդը, իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում: Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբեր, երբ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստան: Այ եթե նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել և հիասթափություն առաջ բերել:

Խոսելով նրանից, որ Ադրբեջանը դուրս չի գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ՝ միլիմետրի տարբերությամբ, սահմանի վրա, իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չէ։

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պետք է ուժային սցենարով փորձենք լուծել: Այսինքն՝ պետք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային սցենարով պետք է լուծես: Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով:

Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է: Բայց մենք ասում ենք՝ մեր օրակարգում նման հարց չունենք և չենք ունենալու: Ինչո՞ւ, որովհետև իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները և գործիքները ստեղծել են, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ, որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այնտեղ, որտեղ պետք է կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելն ուղղակի անհեթեթություն է»:

  • Կիսվել: