ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ և խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի և եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել և կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։

Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։

Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին և պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև։

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։

  • Կիսվել: