Հունաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություններին
Հունաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություններին և դատապարտում է արտաքին ուժերի հովանավորությունը վայելող շրջանակների գործունեությունը եւ նրանց՝ օրինական իշխանության դեմ զինված հեղաշրջում իրականացնելու ծրագրերը:
«Տեղին է հիշել, որ հեղաշրջում ծրագրող ուժերը այն նույն շրջանակներն են, որ այս կամ այն կերպ փոխկապակցված են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում ահաբեկչություն իրականացնողների հետ, որտեղ սպանվեցին երկրի ութ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում վարչապետը, ԱԺ-ի նախագահը, ԱԺ փոխնախագահները, նախարարներ և պատգամավորներ: Ավելին՝ 2008 թվականին, Երևանի փողոցներում ցուցարարների վրա կրակելու հրաման տված և 10 քաղաքացիների սպանության համար դեռևս չպատժված նախկին պաշտոնյաներ, այժմ էլ՝ կամ ուղիղ կամ քողարկված իրենց մասնակցությամբ, նախապատրաստվում էին նույն մեթոդներով հեղաշրջում իրականացնել։
Հայաստանի իշխանությունները 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում ընտրողների ավելի քան 70 և 50 տոկոսի քվեն ստացած, ժողովրդավարական հիմունքներով ընտրված իշխանություն է։ Ըստ այդմ՝ մենք դատապարտում ենք այն բոլոր ապօրինի գործողությունները, ինչպես նաև Հայաստանից ներս կամ դուրս տարածվող աղմկահարույց տեղեկատվական արշավները, որոնք փորձում են հեղաշրջում պատրաստող տարրերի ձերբակալություններն ու հետապնդումները ներկայացնել որպես քաղաքական ընդդիմության հալածանք։
ՀՀ բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի անց հնարավորություն ունեն մասնակցելու ազատ խորհրդարանական ընտրությունների՝ իրենց գործունեությունը հանձնելով ժողովրդի դատին:
ՀՀՄ֊ը հավատացած է, որ Հայաստանի օրինական իշխանության դեմ հեղաշրջման ծրագրերը` օտար ուժերի կողմից հովանավորվող ոտնձգություններ են՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, իսկ այդ գծով տեղեկատվական արշավները ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրային կարծիքը և ուշադրությունը շեղելու փորձեր»,- ասված է Հունաստանի հայերի միության տարածած հաղորդագրությունում: